HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այս մասին յաղորդում է Դատախազության հանրային կապերի բաժինը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«2023 թվականին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91.4%-ով, գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը։

2023 թվականին ավարտվել է 33.396 քրեական վարույթ (2022 թվականին՝ 19.139), ընդհանուր իրավասության և հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարաններ է ուղարկվել 8448 գործ՝ 10170 անձի վերաբերյալ: Համեմատության համար նշեմ, որ 2022 թվականի ընթացքում դատարաններ է ուղարկվել 4414 գործ՝ 5214 անձի վերաբերյալ: 

2023 թվականի ընթացքում դատարաններում քննված և ավարտված գործերով ևս աճ է արձանագրվել ավարտվել է 5080 քրեական գործ՝ 5485 անձի վերաբերյալ այն դեպքում, երբ 2022 թվականին ավարտվել էր 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ, 2021 թվականին՝ 2921 քրեական գործ՝ 3375 անձի վերաբերյալ: 

Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ:

2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 միլիոն 367 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները հանձնվել են Պատմության թանգարանին՝ պատասխանատու պահպանության:

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունը շարունակել է հետևողականություն ցուցաբերել բոլոր այն դեպքերի վերհանման կապակցությամբ, որոնցով դատական քննության ժամկետների ձգձգումները պայմանավորված են եղել դատախազների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հանգամանքով: 

Մասնավորապես՝ բոլոր այն դեպքերով, որոնցով դատական նիստերի հետաձգման պատճառ են հանդիսացել դատախազների՝ դատական նիստերին առանց հարգելի պատճառների չներկայանալը, Գլխավոր դատախազությունում իրականացվել են ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում 2 դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, նրանք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: 

Միաժամանակ, Գլխավոր դատախազի կողմից Դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է դատարաններում քննվող քրեական վարույթներով անհրաժեշտության դեպքում ստեղծել դատախազական խմբեր՝ դատախազների աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստերից բացակայելու դեպքերը բացառելու նպատակով:

Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունն է հրավիրվել դատական քննությունների ձգձգումների վրա՝ Խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում առաջարկելով պարզել դրանց պատճառներն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք բացառելու ուղղությամբ: 

2023 թվականի ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատախազության կողմից Արդարադատության նախարարին է ներկայացվել 10 հաղորդում, որոնցից 5-ի դեպքում մերժվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, 2-ը դեռևս քննարկման փուլում է, իսկ 3 հաղորդման դեպքում Արդարադատության նախարարը հարուցել է 3 կարգապահական վարույթ, որոնցից 2-ի դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ: Վերոնշյալ երկու միջնորդության քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել մեկ դատավորի՝ նշանակելով «նախազգուշացում» կարգապահական տույժի տեսակը: Երկու դեպքում կարգապահական վարույթը կարճվել է: 

2023 թվականի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 551 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 41 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 7 անձ՝ քրեական պատասխանատվության:

Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քննության ժամկետների ձգձգումները, ի թիվս այլնի, պայմանավորված են քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների կատարման ժամկետների ձգձգումներով:

Գլխավոր դատախազի տեղակալի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի գրությամբ, ի թիվս այլնի, Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից պահանջվել է հայտնել, թե 2023 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարվող, ինչպես նաև ավարտված քանի փորձաքննություններով են խախտվել Կառավարության՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ և Բյուրոյի տնօրենի՝ 2022 թվականի հունիսի 30-ի հրամանով հաստատված ժամկետները և որոնք են խախտման պատճառները:

Ի պատասխան գրության՝ Բյուրոյի տնօրենը հայտնել է, որ մի շարք փորձաքննություններ սահմանված ժամկետներում չեն ավարտվել փորձագետների կողմից եզրակացություն տալու համար անհրաժեշտ ելակետային տվյալներ պահանջելու՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդությունների կապակցությամբ տևական ժամանակ միջոցներ չձեռնարկելու հետևանքով:

Բյուրոյի տնօրենի գրությամբ ներկայացված յուրաքանչյուր դեպք դարձել է ստուգման առարկա, ուսումնասիրվել են միջնորդությունների պահանջները տևական ժամանակով չկատարելու պատճառները:

Փորձաքննությունների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով Գլխավոր դատախազի 2023 թվականի փետրվարի 17-ի հանձնարարականով՝ Դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է՝ փորձագետի կողմից փորձաքննության համար անհրաժեշտ ելակետային տվյալներ տրամադրելու մասին վարույթն իրականացնող մարմին ներկայացված միջնորդության պատճենը հսկող դատախազի կողմից ստանալու կամ քրեական վարույթի ուսումնասիրմամբ նման միջնորդություն հայտնաբերելու դեպքում՝ ապահովել վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ միջնորդության անհապաղ և պատշաճ կատարումը:

Հաշվի առնելով քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների՝ ժամանակին կատարման առանցքային նշանակությունը քրեական վարույթներով քննության ողջամիտ ժամկետների պահպանման տեսանկյունից՝ Գլխավոր դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ փորձաքննությունների սահմանված ժամկետները պահպանելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:   

2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1404 դեպք (2022 թվականին՝ 898): 2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 506-ով կամ 56.3%-ով:

2023 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով դատի է տրվել 152 պաշտոնատար անձ (2022 թվականին՝ 63 պաշտոնատար անձ)՝ պաշտպանության նախկին 1 նախարար, կրթության և գիտության նախկին 1 նախարար, Երևանի նախկին 1 քաղաքապետ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտոր, Պաշտպանության նախարարության 3 աշխատակից, այդ թվում՝ նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, սպառազինության գլխավոր վարչության պետ, Իրավաբանական վարչության պետ և այլ անձինք։

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի աճը Դատախազությունը չի գնահատում որպես բացասական ցուցանիշ, հաշվի առնելով այն, որ այդ հանցագործությունները կրում են լատենտային՝ քողարկված բնույթ: 

2023 թվականի ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված 3556 կոռուպցիոն բնույթի քրեական վարույթից ավարտվել է 908-ը (2022 թվականին՝ 567), որոնցից 306 քրեական վարույթ՝ 757 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2022 թվականին՝ 178 քրեական վարույթ՝ 397 անձի վերաբերյալ): 

2023 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 1 միլիարդ 365 միլիոն 324 հազար դրամի գույքային վնաս։ 

2023 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել են կոռուպցիոն բնույթի 149 քրեական գործ (2022 թվականին՝ 99)՝ 249 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 197):

Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2023 թվականին կատարել է 383 ուսումնասիրություն (2022 թվականին՝ 212), հայտնաբերել՝ 447 իրավախախտում (2022 թվականին՝ 428), ներկայացրել 21 հաղորդում և միջնորդագիր (2022 թվականին՝ 27):

2023 թվականին՝ 2022 թվականի համեմատ, շուրջ 4 անգամ ավելացել է դատախազների կողմից ուսումնասիրության արդյունքներով ներկայացված՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի քանակը: Մասնավորապես, եթե 2022 թվականի ընթացքում դատախազների կողմից դատարան է ներկայացվել 91 հայց, ապա 2023 թվականի ընթացքում հայցերի թիվը կազմել է 342: 

Ներկայացված հայցերով վերականգնվել է, նախնական գնահատմամբ, շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք (12 մլն 658 հազար ԱՄՆ դոլարին)՝ 460 անգամ ավելի, քան 2022 թվականին (2022 թվականին վերականգնվել էր ընդամենը 11 մլն դրամ): 

Մասնավորապես՝ 

  • Վարչական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատվել է Գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության համաձայնությունը: Արդյունքում՝ պետությանն է վերադարձվել Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով և հողամասը՝ 453 քմ մակերեսով (շուկայական արժեքը նախնական գնահատմամբ շուրջ 5 մլրդ դրամ): 2023 թվականի նոյեմբերի 23-ին գույքն ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
  • Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատվել է կողմի հետ Գլխավոր դատախազության կնքած հաշտության համաձայնությունը: Արդյունքում՝ պետությանն է վերադարձվել Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող՝ 9000 քմ մակերեսով հատուկ նշանակության հողամասը և 993.7 քմ մակերեսով շինությունները։ 2024 թվականի հունվարի 4-ին գույքն ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
  • Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. Կոտայքի մարզի տարածքում գտնվող՝ հատուկ պահպանվող կատեգորիայի 24 հազար 993 քմ հողամասը վերադարձվել է պետությանը: 2024 թվականի փետրվարի 8-ին գույն ամրացվել է Նշված հողամասի նկատմամբ գրանցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
  • Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ գյուղի 2-րդ թաղամասի 60 հողամաս հասցեում գտնվող՝ 20 հազար 21 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է պետությանը: Նշված հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի մարտի 14-ին գույքն ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված աշխատանքներին՝ կառանձնացնեմ դատախազների հաղորդումների հիման վրա նախաձեռնված մի շարք քրեական վարույթներ, որոնք վերաբերում են՝

  • «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասնավորեցմանը
  • «Ուսանողական» այգու տարածքը իրավական նորմերին հակառակ օտարելուն.
  • Աբովյան պուրակում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառելուն.
  • Երևանի «Մանկական այգու» տարածքում ինքնակամ կառուցված շինություններն օրենքի խախտմամբ սեփականաշնորհելուն.
  • Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոցի 2 հասցեում գտնվող հողամասերի զավթմանը.
  • Աբովյան 8 հասցեում գտնվող գույքը ապօրինի օտարելուն
  • Աբովյան 10 հասցեներում գտնվող գույքի ապօրինի օտարմանը
  • Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան գույքն օրենքի խախտմամբ օտարելուն
  • Եղվարդի խճուղի 22 և նույն թաղամասի Անաստաս Միկոյան փողոցի 64-րդ հասցեներում տեղակայված օտարման ոչ ենթակա այգին սեփականության իրավունքով ֆիզիկական անձին փոխանցելուն և այլն:

2023 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայցադիմում, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է 384 միլիարդ 55 միլիոն 372 հազար դրամ: Բռնագանձման են ենթակա նաև 832 անշարժ և 161 շարժական գույք, ինչպես նաև 283 իրավաբանական անձանցում մասնակցություն: 

2023 թվականի ընթացքում ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը կազմում է 417 միլիարդ 591 միլիոն 62 հազար դրամ (ընդհանուր հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցության, ինչպես նաև մի շարք գույքերի շուկայական արժեքները):

Հայաստանի Հանրապետության դատախազությունը 2023 թվականի ընթացքում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ: 

Նշված գույքերից 6-ը (5 անշարժ և 1 շարժական գույք), Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի և 2024 թվականի հունվարի 4-ի որոշումներով՝ ամրացվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Նշեմ, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր՝ 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր, դատարան է ներկայացվել 103 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1070 անշարժ և 210 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 290 իրավաբանական անձանցում մասնակցություն:

Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 526 միլիարդ դրամ, որը համարժեք է ավելի քան 1 միլիարդ 335 միլիոն ԱՄՆ դոլարին:

 Ընդհանուր հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցության, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները:

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք (2022 թվականին՝ 37.612): 2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8.1%-ով:

2023 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների նվազում: 

2023 թվականին արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործությունների 1678 դեպք, 2022 թվականին՝ 880 դեպք (2022 թվականի համեմատությամբ՝ դեպքերն ավելացել են 798-ով կամ 90.7%-ով): Ինչո՞վ է պայմանավորված արձանագրված աճը։ 1678 դեպքից 1132-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք մինչև 2022 թվականի 2-րդ կիսամյակ, որպես հանցագործության դեպքեր չէին հաշվառվում։ Առանց հանկարծամահությունների դեպքերի՝ 2023 թվականին կատարվել է 546 առանձնապես ծանր հանցագործություն:

Հանցագործության 40.666 դեպքի 80.9%-ը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները: Առանձնապես ծանր հանցագործությունները ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 4.1%, իսկ ծանր հանցագործությունները՝ 15%:

Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ 2023 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի 14.6%-ով նվազում:

Գլխավոր դատախազությունում ամփոփվել են նաև 2023 թվականի ընթացքում ընտանիքում բռնության դեպքերով քրեաիրավական պայքարի արդյունքները։

2023 թվականին ընտանիքում բռնության արձանագրված դեպքերն աճել են 151-ով կամ 42%-ով. եթե 2022 թվականին արձանագրվել էր ընտանիքում բռնության 357 դեպք, ապա 2023 թվականին՝ 508: 2021 թվականին արձանագրվել էր ընտանիքում բռնության 500 դեպք:

2023 թվականին արձանագրված 508 դեպքից 308-ը կամ 61%-ը, կատարվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ (նախորդ տարվա համեմատ` ցուցանիշը նվազել է 5-ով. 2022 թվականի նույն ցուցանիշը կազմել էր 66%): 

2023 թվականին արձանագրվել է ընտանիքում սպանության դեպքերի նվազում. արձանագրվել է նման 3 դեպք, իսկ նախորդող երկու տարիներին արձանագրվել էր ընտանիքում սպանության 4 դեպք, ընդ որում՝ 2022 թվականին արձանագրված 4 դեպքն էլ կատարվել էր ամուսնու (այդ թվում՝ նախկին ամուսնու) կողմից կնոջ նկատմամբ, 2023 թվականին արձանագրված 3 դեպքից 2-ն է կատարվել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ:

Ընտանիքում առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը 8-ն է, այն պարագայում, երբ 2022 թվականին նման դեպք չէր արձանագրվել, իսկ դրան նախորդող տարում նման 1 դեպք էր արձանագրվել:

Ընտանիքում բռնության դեպքերի գերակշիռ մասը ֆիզիկական ներգործության (ծեծի կամ բռնի այլ գործողությունների) դեպքեր են: Բացառություն չի կազմել նաև 2023 թվականը. արձանագրվել է նման 372 դեպք՝ նախորդ տարվա 249-ի դիմաց. դեպքերն աճել են 123-ով կամ 49.4%-ով: 

Դատախազությունը հաշվետու ժամանակահատվածում ապահովել է ընտանիքում բռնության դեմ պայքարի կապակցությամբ մասնագիտական քննարկումներում Դատախազության ներկայացվածությունը, մշտապես կապ է ապահովել Ոստիկանության հետ՝ ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կոնկրետ քրեական վարույթներով իրավիճակներն ու խնդիրները քննարկելու, ընդհանուր քրեական քաղաքականություն ապահովելու նպատակով, Արդարադատության ակադեմիայում ապահովել է ընտանիքում բռնության դեպքերի քննության թեմայով դասընթացի անցկացումը: 

Գլխավոր դատախազությունն ակտիվ ներգրավվածություն է ունեցել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի, ինչպես նաև «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծերի քննարկումներին: Ներկայացվել են առաջարկություններ, որոնց գերակշիռ մասը հաշվի են առնվել նախագծերի վերջնական տեքստերում: 

Դատախազության կողմից 2023 թվականին հետևողականություն է դրսևորվել ընտանիքում բռնության վերաբերյալ քրեական վարույթներով խնդիրները վեր հանելու ուղղությամբ: 

Ի թիվս այլնի՝

  • Հաշվետու տարում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է ընտանիքում բռնության կրկնվող դեպք, որը քննվում էր որպես ֆիզիկական ու հոգեկան ներգործություն: Քննարկման արդյունքներով պարզվել է, որ կատարվածը անօգնական վիճակում գտնվող երեխայի նկատմամբ խորթ տատի և հոր կողմից կատարված թրաֆիքինգի դեպք է, որի կապակցությամբ հսկող դատախազը որոշում է կայացրել քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ հիշյալ անձանց նկատմամբ նաև թրաֆիքինգի համար քրեական հետապնդում հարուցելով: 
  • Դատախազի կողմից քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ վերահսկողական գործառույթն իրացնելիս՝ հայտնաբերվել է նախկին ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրած հոգեբանական բռնությունը սպանության վերաճելու դեպք։ Նշված դեպքով հաշվի չէր առնվել ենթադրյալ բռնություն գործադրած անձի հանցավոր վարքագիծ դրսևորելու բարձր հավանականությունը՝ նախկինում 84 անգամ հանցանք (այդ թվում՝ անձի առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը, խուլիգանություն) կատարելու, նրա վերաբերյալ 3 քրեական վարույթի առկայությունը, տուժողի հետ միջանձնային լարված հարաբերությունները: Նշված դեպքով Գլխավոր դատախազը 2023 թվականի հունվարի 19-ին դիմել է Ներքին գործերի նախարարին՝ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների, ինչպես նաև նրանց նկատմամբ անմիջական վերադաս հանդիսացող պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու և վերջիններիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով: Ոստիկանությունից ստացված պատասխան գրության համաձայն՝ իրականացված ծառայողական քննության արդյունքում պատասխանատու 3 աշխատակիցների գործողություններում կարգապահական խախտման փաստը հաստատվել է. ոստիկանության երկու կապիտան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, իսկ 1-ը ծառայողական քննությունն իրականացնելիս՝ ազատված է եղել ծառայությունից:

2017 թվականի ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 4860 անձ: Ձերբակալվել է 968 անձ, որոնցից ազատ է արձակվել 209 անձ: Ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 986 միջնորդություն, որից բավարարվել է 912-ը կամ 92.5%-ը:

2018 թվականի ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 5065 անձ (աճը կազմել է 205 անձ կամ 4.21%): Ձերբակալվել է 1019 անձ, որոնցից ազատ է արձակվել 346 անձ (ձերբակալված անձանց թիվը աճել է 51-ով կամ 5.3%-ով, ձերբակալումից ազատված անձանց թիվը աճել է 137-ով կամ 65.6%-ով): Ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 870 միջնորդություն, որից բավարարվել է 804-ը կամ 92.4%-ը (միջնորդությունների թիվը նվազել է 116-ով կամ 11.8%-ով, բավարարումների տոկոսը նվազել է 0.1%-ով):

2019 թվականի ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 6014 անձ (աճը կազմել է 949 անձ կամ 18.7%): Ձերբակալվել է 935 անձ, որոնցից ազատ է արձակվել 325 անձ (ձերբակալված անձանց թիվը նվազել է 84-ով կամ 8.2%-ով, ձերբակալումից ազատված անձանց թիվը նվազել է 21-ով կամ 6%-ով): Ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 1092 միջնորդություն, որից բավարարվել է 968-ը կամ 88.6%-ը (միջնորդությունների թիվն աճել է 222-ով կամ 25.5%-ով, բավարարումների տոկոսը նվազել է 3.8%-ով):

2020 թվականի ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 8505 անձ (աճը կազմել է 2491 անձ կամ 41.4%): Ձերբակալվել է 1140 անձ, որոնցից ազատ է արձակվել 589 անձ (ձերբակալված անձանց թիվը աճել է 205-ով կամ 21.9%-ով, ձերբակալումից ազատված անձանց թիվը աճել է 264-ով կամ 81.2%-ով): Ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 1223 միջնորդություն, որից բավարարվել է 961-ը կամ 78.6%-ը (միջնորդությունների թիվն աճել է 131-ով կամ 12%-ով, բավարարումների տոկոսը նվազել է 10 %-ով): 

2021 թվականի ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 10044 անձ (աճը կազմել է 1539 անձ կամ 15.3%): Ձերբակալվել է 1008 անձ, որոնցից ազատ է արձակվել 431 անձ (ձերբակալված անձանց թիվը նվազել է 132-ով կամ 11.6%-ով, ձերբակալումից ազատված անձանց թիվը նվազել է 158-ով կամ 26.8%-ով): Ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 1277 միջնորդություն, որից բավարարվել է 986-ը կամ 77.2%-ը (միջնորդությունների թիվն աճել է 54-ով կամ 4.4%-ով, բավարարումների տոկոսը նվազել է 1.4%-ով): 

2022 թվականի ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 8005 անձ (նվազումը կազմել է 2039 անձ կամ 20.3%): Ձերբակալվել է 2693 անձ, որոնցից ազատ է արձակվել 1743 անձ (ձերբակալված անձանց թիվը աճել է 1685-ով կամ 167.2%-ով, ձերբակալումից ազատված անձանց թիվը աճել է 1312-ով կամ 304.4%-ով): Ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 1599 միջնորդություն, որից բավարարվել է 1207-ը կամ 75.5%-ը (միջնորդությունների թիվն աճել է 322-ով կամ 25.2%-ով, բավարարումների տոկոսը նվազել է 1.7%-ով):

2023 թվականի ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10136 անձի նկատմամբ (աճը կազմել է 2131 անձ կամ 26.6%): Ձերբակալվել է 8645 անձ, որոնցից ազատ է արձակվել 7160 անձ (ձերբակալված անձանց թիվը աճել է 5952-ով կամ 221%-ով, ձերբակալումից ազատված անձանց թիվը աճել է 5417-ով կամ 310.8%-ով): Ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 2040 միջնորդություն, որից բավարարվել է 1559-ը կամ 76.4%-ը (միջնորդությունների թիվն աճել է 441-ով կամ 27.6%-ով, բավարարումների տոկոսն աճել է 0.9%-ով):

2023 թվականի ընթացքում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը կազմել է 5070՝ 2022 թվականի 2266-ի դիմաց։ 

2023 թվականի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել է և կազմել 17.5%՝ նախորդ տարվա 37,9%-ի դիմաց։

2023 թվականի ընթացքում քննված քրեական վարույթներով թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով տարատեսակ կրիպտոարժույթային դրամապանակների և վճարային գործիքների միջոցով 8 քրեական վարույթով արձանագրվել է 5 միլիարդ 592 միլիոն 541 հազար դրամի շրջանառություն: 

2023 թվականի ընթացքում նշված քրեական վարույթներից 15 անձի վերաբերյալ 6-ը, որոնցով դրամաշրջանառությունը կազմել է շուրջ 3 միլիարդ 565 միլիոն 919 հազար դրամ, նույն ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան:

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ընդերքի պահպանման կամ օգտագործման կանոնները (պահանջները) խախտելու 47 դեպք: Աճը պայմանավորված է նշված դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացմամբ այս առումով աչքի է ընկել Արարատի մարզը։

Այսպես, 2023 թվականին հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող՝ «Արև Սյուզի», «Սարգիս և Պապ», «Սերտիգ», «Սաշա և Սպարտակ», «Էլ-Ար Շինե» և «ՌԵՎԻՎԱԼ» ընկերությունների պատասխանատու անձանց նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային վնաս:

Այս համատեքստում մի քանի տվյալ ներկայացնեմ

  • «Արև Սյուզի» ընկերության մասով, քրեական վարույթից բացի, Արարատի մարզի դատախազության կողմից միջնորդագիր է ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ տրամադրված՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է՝ ուժը կորցրած է ճանաչվել թույլտվությունը, լեռնահատկացման ակտը և լուծվել է օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրված՝ ընդերքաօգտագործման պայմանագիրը:
  • 2023 թվականի դեկտեմբերի 27-ին «Սաշա և Սպարտակ» ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 43 մլն 583 հազար 300 դրամը:
  • 2023 թվականի դեկտեմբերի 16-ին «Էլ-Ար Շինե» ՍՊ ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ 5 մլն 500 հազար դրամ վնասը:

Խոշտանգումների կամ այլ վատ վերաբերմունքի հանցակազմերով ստացված հաղորդումներից գրեթե բոլորով նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2023 թվականի ընթացքում խոշտանգման հատկանիշներով քննված 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան: 2022-2024 թվականների ընթացքում դատարան ուղարկված քրեական գործերից 2-ով՝ չորս անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ:

Նշեմ, որ թեև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանվել է, որ անկախ հանցանքի կատարման պահից, նույն օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանա¬կան կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով) և 450-րդ հոդվածով (խոշտանգում) նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, սակայն խնդրահարույց էր համարվում մինչև նոր Քրեական օրենսգրքի ընդունումը կատարված խոշտանգումների կամ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություն¬ներն անցնելու դեպքերով անձանց նկատմամբ վաղեմության ժամկետների կիրառության հարցը: 

Նշված խնդրի լուծման կապակցությամբ միասնական պրակտիկա ձևավորելու առումով՝ Գրիշա Վիրաբյանի վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 23-ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ առնվազն Քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, առկա էր խոշտանգման կամ դրան հավասարեցված վերաբերմունքի դեպքում վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք, որը կարող էր հիշյալ գործով ամբաստանյալների համար կանխատեսելի լինել իրենց մեղսագրվող արարքը կատարելու օրվա՝ 2004 թվականի ապրիլի 23-ի դրությամբ:

2023 թվականին Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը 48.4%-ով նվազել են 2023 թվականին արձանագրվել է 2358 դեպք, իսկ 2022 թվականին՝ 4570: Դեպքերից 803-ը կամ 33.5%-ը եղել են պատահարներ (2022 թվականին՝ 2874), 1555-ը կամ 66%-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2022 թվականին՝ 1696), այդ թվում՝ 847-ը կամ 53.3%-ը` զինվորական (2022 թվականին՝ 1028), 708-ը կամ 45.5%-ը` այլ հանցագործություններ (2022 թվականի՝ 668)։

Զինված ուժերում պետական շահի պաշտպանության գործառույթի շրջանակում 2023 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն դրամ վնասը, որից 2 մլրդ 444 մլն դրամ վնասը վերականգնվել է արտադատական կարգով՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում (47 նախազգուշացում է ուղարկվել 45 տնտեսվարող սուբյեկտի)»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter