HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ 

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը:

«ՀՀ կառավարության թիվ 1667-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման» կարգում կատարված վերջին փոփոխությամբ սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա:

Նոր կարգավորման համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը մինչև 2024 թվականի մայիսի 29-ը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների  անձնական գործերում պետք է կատարի «ենթակա է ատեստավորման» նշումը և իրականացնի կարիքների գնահատման գործընթացը:

Այս տարի վերապատրաստման և ատեստավորման ենթակա են՝ 

  1. 5 տարվա շրջափուլով  հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչները,
  2. մինչև 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող  ուսուցիչները, 
  3. առարկայական գիտելիքի  իմացության կարիք ունեցող ուսուցիչները:

Մասնագիտական կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի և տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ)՝ հարցաթերթիկի լրացման միջոցով: Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձևավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը:

Տվյալ շրջափուլում վերապատրաստումների արդյունքում չատեստավորված ուսուցիչը հաջորդ տարի ենթակա է ատեստավորման տվյալ մակարդակում: Ընդ որում՝ հաջորդ տարի պետական միջոցների հաշվին ուսուցչի համար վերապատրաստում չի իրականացվում: Ուսուցիչը կարող է մասնակցել վերապատրաստումներին սեփական միջոցների հաշվին կամ անցնել ատեստավորում՝ առանց վերապատրաստումների մասնակցության:

Ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները, մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան, կարող է հավաքել ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում: Կրեդիտները սահմանվում են` համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի ապրիլի  30-ի N 648-Ա/2 հրամանի:

Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն տվյալ հաստատության տնօրենն է:

Հարկ է նշել, որ ուսուցչի՝ առարկայական գիտելիքի իմացության կարիքը կարող է ներկայացվել ինչպես տնօրենի, այնպես էլ ուսուցչի կողմից:

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում ուսուցչի վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից: Նշված խմբի ուսուցիչների համար ատեստավորումն իրականացվելու է առարկայական գիտելիքների ստուգման միջոցով:

Վերապատրաստման ավարտից հետո ուսուցիչը կենտրոնացված գնահատման արդյունքների հիման վրա ստանում է կրեդիտներ, որոնք ինքնաշխատ եղանակով ձևավորվում են ԴԿՏ համակարգում: Վերապատրաստված ուսուցիչների կրեդիտները շնորհվում են նախարարի հրամանով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր նկարը ստեղծվել է DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter