HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Լևոն Ալթունյանը երկրորդ ընկերությամբ է մտել ապահովագրական շուկա

2023 թվականի հուլիսին Հայաստանի ապահովագրական շուկա է մուտք գործել «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը (ԱՓԲԸ)։ Ապահովագրական ընկերությունների թիվը դարձել է 7` չհաշված «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը»։

«ԷՖԵՍ»-ը ուղղակիորեն կապված է շուկայի հին և խոշոր խաղացողներից մեկի՝ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի բաժնետիրոջ և ղեկավարների հետ։ Այսինքն՝ գործող 7 ընկերությունից 2-ը նույն մարդկանց ձեռքում է։ Առանցքային դերը առողջապահության նախկին նախարար (2016-2018), ապահովագրական շուկայի հնաբնակ Լևոն Ալթունյանինն է։

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի միակ ուղղակի բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ինթելլիջենք մենեջմենթ» ՍՊԸ-ն, որն էլ իր հերթին հավասարապես պատկանում է Լևոն Ալթունյանին (50%) և ապահովագրական շուկայում հայտնի մասնագետ Արևշատ Մելիքսեթյանին (50%):

Արևշատ Մելիքսեթյանը նաև «ԷՖԵՍ»-ի գլխավոր գործադիր տնօրենն է։ Տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև «Ինգո Արմենիա»-ում։

«ԷՖԵՍ»-ը զբաղվում է մեքենաների (ԿԱՍԿՈ), առողջության, գույքի, ճամփորդության, բեռնափոխադրումների ապահովագրությամբ։

Լևոն Ալթունյանին ուղղակիորեն կապված է նաև «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն։ Ավելին՝ ռեգիստրային փաստաթղթերում երևում է, որ հիմնադրման ժամանակ՝ 1997 թվականին, ընկերությունը ոչ թե «Ինգո Արմենիա» է կոչվել, այլ՝ «ԷՖԵՍ» ապահովագրական ՓԲԸ։ Անվանափոխվել է 2003-2004 թթ., երբ ռուսական «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունը ձեռք է բերել բաժնետոմսերի 75%-ը։

Ըստ ընկերության կայքում հրապարակված տեղեկությունների՝ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի 25%-ը պատկանում է Լևոն Ալթունյանին։ Այդպիսով, Ալթունյանը «Ինգո Արմենիա»-ում ուղղակի նշանակալից մասնակից է։

Հատկանշական է, որ այս տեղեկությունները «Հետք»-ը երկու շաբաթ առաջ «Ինգո Արմենիա»-ի էջից է վերցրել՝ «Մեր նշանակալից մասնակիցները» բաժնից (էջը ներբեռնել և պահպանել ենք)։ Հարցում ենք ուղարկել նաև Կենտրոնական բանկ (ԿԲ-ի պատասխանի մասին՝ քիչ ներքևում)։ Սակայն, վերջին օրերին այս բաժինը հանվել էր կայքից։ Երեկ ԿԲ-ին և «Ինգո Արմենիա»-ին ուղարկած մեր հարցումներից քիչ անց ընկերության կայքում կրկին հայտնվեցին նշանակալից մասնակիցների մասին տեղեկությունները։ ԿԲ-ին հարցրել էինք, թե ընկերության համար ի՞նչ հետևանքներ պետք է ունենա նշանակալից մասնակիցների մասին տեղեկությունները գաղտնի պահելը։

«Ինգո Արմենիա»–ի մյուս խոշոր բաժնետերը Ռուսաստանում գրանցված «Ինվեստ-Պոլիս» ԲԸ-ն է, որին պատկանում է ընկերության 75%-ը։

«Ինվեստ-Պոլիս»-ն էլ ամբողջությամբ պատկանում է կրկին Ռուսաստանում գրանցված «Ինգոսստրախ» ԱԲԲԸ-ին։ 

Screen Shot 2024-05-03 at 12.04.30 PM.png (341 KB)

Լևոն Ալթունյանի լուսանկարը՝ ՀՀ առողջապահության նախարարության 

Արևշատ Մելիսեթյանի լուսանկարը՝ efes.am-ի

 ԿԲ. «Բարեխիղճ մրցակցությունը չի սահմանափակվում»

«Լևոն Ալթունյանի կողմից միաժամանակ երկու ապահովագրական ընկերությունում մասնակցություն ունենալու փաստը չի հանգեցնում ապահովագրական ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտմանը»,- այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել են Կենտրոնական բանկից։

Հիշեցնենք, որ ԿԲ-ն է ապահովագրական ընկերություններին գործունեության լիցենզիա տրամադրում և գրանցում, քանի որ վերջիններս հանդիսանում են ֆինանսական շուկայի մասնակիցներ։

Գլխավոր դրամատնից նաև հավաստիացնում են, որ Ալթունյանի մասնակցությունը միաժամանակ երկու ընկերությունում ֆինանսական համակարգում ազատ և բարեխիղճ մրցակցության սահմանափակման չի առաջացնում:

««ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի լիցենզավորման գործընթացում ՀՀ կենտրոնական բանկը հաշվի է առել այն փաստը, որ Լևոն Ալթունյանը «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի 25% բաժնետերն է»,- նշում են ԿԲ-ից։

Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը կարծում է, որ երկու ապահովագրական ընկերությունում նույն անձի նշանակալից մասնակից լինելու փաստը ԿԲ-ն մանրամասն ուսումնասիրել է և եթե տրամադրել է լիցենզիան կամ թույլատրել նման մասնակցությունը, կարելի էր ենթադրել, որ ռիսկերը էական չեն։ Սակայն, այդ ռիսկերն, ըստ Աղաբեկյանի, բացառել պետք չեն։

«Այս երկու ընկերությունները, փաստացի, փոխկապակցվածություն ունեն։ Շուկայում միասին համաձայնության գալու հնարավորությունը չի բացառվում։ Այս հարցում վերահսկող մարմինները պետք է ուշադիր լինեն, որպեսզի թույլ չտան հակամրցակցային քայլեր»,- ասում է նա։

«Ինգո»-ի կապը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ․ ինչու՞ է բացվել «ԷՖԵՍ»-ը

Քանի որ «Ինգո Արմենիա»-ի 75%-ի սեփականատեր «Ինվեստ-Պոլիս» ՓԲԸ-ի բաժնետերը Ռուսաստանի «Ինգոսստրախ» ապահովագրական բաց բաժնետիրական ընկերությունն է, որն էլ իր հերթին նաև ընկերության վերաապահովագրության գծով խոշոր գործընկեր է, «Ինգո Արմենիա»-ն փաստորեն անմասն չի մնում կամ առնվազն անհանգստացած է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով։

«Ընկերության ղեկավարությունը մշտադիտարկում է Ռուսաստանի և ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցների հետ կապված իրավիճակը։ Ընկերությունն արդեն իսկ անում է հնարավոր ամեն ինչ վերապահովագրության գծով նոր գործընկերների ձեռք բերման և հավանական ռիսկերից խուսափելու համար»,- այս մասին 2024 թ․ առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվության մեջ նշել է «Ինգո Արմենիա»-ն։

2022 թվականի փետրվարից շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Արևմուտքը հայտարարել է Ռուսաստանի՝ ներառյալ ռուսական բանկերի, Ռուսաստանի ազգային վերաապահովագրական ընկերության, այլ կազմակերպությունների և անհատների դեմ տնտեսական խիստ պատժամիջոցների մասին։

«Ինգո Արմենիա»-ից շեշտում են, որ Ուկրանիան և Ռուսաստանը Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներն են, և Հայաստանի գործարար միջավայրն անմասն չի մնացել այս ազդեցությունից։ 2023թ․ մարտին Եվրամիությունը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որի մեջ, ի դեմս մի շարք ռուսական ընկերությունների, ներառվել է նաև Ռուսաստանի ազգային վերաապահովագրական ընկերությունը։

«Ռազմական գործողությունները դեռ չեն դադարել, և պատժամիջոցների ցանկը շարունակաբար փոփոխվում ու ընդլայնվում է, ուստի անհնար է արժանահավատորեն գնահատել դրա վերջնական ազդեցությունը ինչպես Հայաստանի գործարար միջավայրի, այնպես էլ ընկերության գործունեության վրա»,- նշված է հաշվետվության մեջ։

Ըստ «Հետք»-ի տեղեկությունների՝ «ԷՖԵՍ»-ի հիմնադրումը ուղիղ կապ ունի ինչպես պատժամիջոցների, այնպես էլ Հայաստանում հաստատվող առողջապահության պարտադիր ապահովագրության հետ։

Բացելով նոր ընկերություն՝ Լևոն Ալթունյանն ու նրա գործընկեր Արևշատ Մելիքսեթյանը, ազատվում են ռուսական պատժամիջոցներից։ «ԷՖԵՍ»-ի գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ընկերության գլխավոր ռազմավարական ուղղությունն առողջապահության ապահովագրությունն է։ Ալթունյանին փոխկապակցված «Վարդանանց» բժշկական կենտրոնը, որը մինչև «ԷՖԵՍ»-ի բացումը, սպասարկում էր «Ինգո Արմենիա»-ում ապահովագրված հաճախորդներին, այժմ նաև «ԷՖԵՍ»-ի հետ է սերտ համագործակցում։

Չի բացառվում, որ առաջիկայում շուկան այնպես դասավորվի, որ «ԷՖԵՍ»-ը առողջապահության ապահովագրության ոլորտում փոխարինի «Ինգո Արմենիա»-ին, իսկ «Ինգո Արմենիա»-ի հիմնական գործառույթը շուկայում մնան ապահովագրության մյուս դասերը, այդ թվում՝ ԱՊՊԱ-ն։

Ի դեպ, դատելով փաստից, որ «Ինգո Արմենիա»-ն նախկինում «ԷՖԵՍ» է կոչվել, կարելի է նաև ասել, որ «ԷՖԵՍ»-ը ոչ թե նոր է ստեղծվել, այլ վերադարձել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter