HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանի նկատմամբ ընտրվել է կալանավորում խափանման միջոցը 1 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանության կատարման հատկանիշներով: Այս մասին տեղեկանում ենք «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից։ 

Հիշեցնենք, որ այդ օրը՝ ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել էին Մարտական Եղբայրության 7 անդամներ՝ Մասիս Շիրոյանը, Արամայիս Աղաբեկյանը, Գոռ Ասատրյանը, Արման Պետրոսյանը, Հենրիկ Մկրտչյանը, Հովսեփ Ղազարյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը։  «Բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ երկրապահներից ոմն Յուրա, մեքենան վարել է ճանապարհը փակած ժողովրդի վրա»,- նշված էր «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան գրառման մեջ։

Մյուս 6 անձինք այս պահի դրությամբ՝ դեռևս ունեն ձերբակալվածի կարգավիճակ, և նրանց մեղադրանք դեռ չի առաջադրվել։

Տեղի ունեցածը «Մարտական եղբայրությունը» քաղաքական հետապնդում է որակում, և ըստ նրանց` Կառավարության անմիջական ցուցումով նրանց դեմ կիրառվել է սադրանք:

Ապրիլի 23-ին էլ Նոյոմբերյան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են 5 անձինք, որոնց թվում է Սուրեն Պետրոսյանը, որը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն է և «Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբ» նախաձեռնության ստեղծողներից: Նա ակտիվորեն մասնակցում էր Ոսկեպար-Կիրանց շրջանում քաղաքացիների բողոքի ակցիային։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ըստ այդ հաղորդագրության՝ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզում սկսվեցին բողոքի ցույցեր։ Բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Նրանց մտահոգությունն այն է, որ այդ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո սահմանն անցնելու է Կիրանց գյուղի և հիմնական ճանապարհի հարևանությամբ:

Գլխավոր լուսանկարում՝ Արման Պետրոսյանը, «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter