HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հայվեյզ» ավիաընկերությունն իրականացրել է իր առաջին բեռնափոխադրող չվերթը

Հայկական «Հայվեյզ» բեռնափոխադրող ավիաընկերությունն այսօր իրականացրել է Երեւան-Մոսկվա ուղղությամբ իր առաջին ոչ կանոնավոր չվերթը: Այս ավիաընկերությունը ներկայում միակն է Հայաստանում, որն զբաղվում է բացառապես օդային բեռնափոխադրումներով:   

Հիշեցնենք, որ ավիաընկերությունը Քաղավիացիայի կոմիտեի կողմից օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) էր ստացել փետրվարի 27-ին, իսկ քիչ ավելի ուշ ավիացիոն միջազգային երկու կառույցները՝ IATA-ն ու ICAO-ն, «Հայվեյզին» շնորհել են համապատասխան կոդեր (Y5 եւ HYY), որոնք օգտագործվում են միջազգային չվերթերի համարակալման համար:

«Հայվեյզը» սեփականության իրավունքով ձեռք է բերել 1 հատ «Boeing 737-400SF» տիպի բեռնատար ինքնաթիռ, որը Հայաստան է տեղափոխվել 2023 թ. նոյեմբերին Մեծ Բրիտանիայից եւ այս տարվա փետրվարին ստացել ՀՀ գրանցում՝ EK-HAY:

Ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը «Հետքին» հայտնեց, որ այսօր EK-HAY-ը Երեւան-Մոսկվա («Վնուկովո») չվերթն իրականացրել է լրիվ ծանրաբեռնվածությամբ (թռիչքի համարը՝ HYY133):

Թռիչքն անցել է հարթ, ընկերության տնօրենը գոհ է առաջին քայլից: Այս պահին օդանավը վերադառնում է Երեւան եւ կրկին բեռ է տեղափոխում (թռիչքի համարը՝ HYY134):

Ինչպես ասվեց, սրանք ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր են: Ապրիլի 28-ին օդանավը մեկնելու է Հորդանանի մայրաքաղաք Ամման՝ «C-check» տիպի տեխնիկական սպասարկում անցնելու: Նախատեսվում է, որ EK-HAY-ը Հայաստան կվերադառնա հունիսին, ինչից հետո կսկսի կանոնավոր թռիչքներ կատարել նախ դեպի Մոսկվա, ապա նաեւ այլ ուղղություններով:

Ըստ Օվսաննա Ստեփանյանի՝ նախատեսվում են չվերթեր դեպի Չինաստան ու Մերձավոր Արեւելք, ինչպես նաեւ Ռուսաստանի մեկ այլ քաղաք: Սրանք, սակայն, դեռեւս նախնական ծրագրեր են, շատ բան կախված է հաճախորդ-գործընկերների հետ պայմանավորվածություններից:

Լուսանկարներն ու տեսանյութը տրամադրել է ավիաընկերությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter