HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել. նա դարձյալ կիրառել է ցեղասպանություն բառը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։ Ինչպես երևում է Սպիտակ տան պաշտոնական կայքից, այս անգամ ևս ամերիկյան առաջնորդը կիրառել է ցեղասպանություն բառը։ Ուղերձի ամբողջական տեքստը ստորև.

«Այսօր մենք դադար ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը: Դաժանության արշավն սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին: Հետագա օրերին, ամիսներին և տարիներին տեղահանվեց, կոտորվեց կամ մահվան երթի դուրս եկան մեկուկես միլիոն հայեր՝ ընդմիշտ կոտրված թողնելով ընտանիքներ ու հավերժ փոխելով սերունդներ։

Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը։ Մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկն ապրելուց հետո՝ վերապրածները մեր աշխարհի համար սկսեցին կառուցել ավելի լավ ապագա։ Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ողջ աշխարհում ամրապնդեցին երկրների կառուցվածքը, այդ թվում նաև մեր երկրում: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ վստահ լինելու, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվի:

Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ ընդդեմ անհանդուրժողականության: Մենք ատելությանն ու սարսափին շարունակելու ենք պատասխանել հույսով և ապաքինմամբ։ Եվ մենք շարունակելու ենք կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր փնտրում են ապագա, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատվությամբ, անվտանգ և հարգանքով»,- ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում:

Այսօր Հայաստանում ու ողջ աշխարհում հիշատակում են Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Վաղ առավոտվանից քաղաքացիներն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Առավոտյան այնտեղ այցելել էին նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչները, հոգևորականներն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։

Լուսանկարը՝ Jim Watson/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter