HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Տավուշում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածները 11-ն են, 1 անձի մեղադրանք է առաջադրվել

Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին և Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ապրիլի 21-ից սկսած` ձերբակալված անձանց թիվը հասնում է 11-ի, ևս 1 անձի առաջադրվել է մեղադրանք: Այս մասին «Հետքին» հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նրա խոսքով` սպրիլի 21-ին տեղի ունեցած դեպքերի հետևանքով 7 անձ էր ձերբակալվել, նրանցից մեկին առաջադրվել է մեղադրանք` խմբի կազմում խուլիգանության կատարման հատկանիշներով: 

Իսկ ապրիլի 23-ին ձերբակալվել է 5 անձ:

«Իրականացվում է քննություն, կան դատավարական ժամկետներ, այդ ընթացքում հասկանալի կդառնա` մեղադրանքի հիմքեր ունե՞նք, թե՞ այդ անձինք ազատ են արձակվելու. քննության արդյունքներից ելնելով` համապատասխան որոշում կկայացվի»,- նշեց նա:

Մեղադրյալի կարգավիճակ ստացած անձը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանն է: Հիշեցնենք` ապրիլի 21-ին բախումներ էին սկսվել Բագրատաշեն տանող ճանապարհին, ինչից հետո միության 7 անդամ ձերբակալվել էր: «Բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ երկրապահներից ոմն Յուրա, մեքենան վարել է ճանապարհը փակած ժողովրդի վրա»,- նշված էր «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան գրառման մեջ։

Տեղի ունեցածը «Մարտական եղբայրությունը» քաղաքական հետապնդում է որակում, և ըստ նրանց` Կառավարության անմիջական ցուցումով նրանց դեմ կիրառվել է սադրանք:

Իսկ ապրիլի 23-ի 5 ձերբակալվածների թվում է Սուրեն Պետրոսյանը, որը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն է և «Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբ» նախաձեռնության ստեղծողներից: Նա ակտիվորեն մասնակցում էր Ոսկեպար-Կիրանց շրջանում քաղաքացիների բողոքի ակցիային։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ըստ այդ հաղորդագրության՝ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզում սկսվեցին բողոքի ցույցեր։ Բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Նրանց մտահոգությունն այն է, որ այդ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո սահմանն անցնելու է Կիրանց գյուղի և հիմնական ճանապարհի հարևանությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter