HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական հարց - սևանկարի երևակում

Հրայր Թոփչյան

«Աշխարհը կառավարվում է բոլորովին այլ մարդկանց կողմից, որոնց մասին պատկերացում անգամ չունեն նրանք, ովքեր չեն անցնում կուլիսներից այն կողմ»։ Բենջամին Դիզրայելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ 1868, 1874-1880թթ

Նախաբան 

«Հայկական հարց»-ի մասին չափազանց շատ է գրվել։ Միևնույն ժամանակ, ի մի բերելով այդ հարյուրամյա «տիտանական» և «տքնաջան» աշխատանքի արդյունքները, առանձնապես սխալված չենք լինի փաստել, որ այդ ամենը բովանդակային առումով եղել է սիզիփոսյան ջանքեր։  Քանզի այդպես էլ անպատասխան է մնացել գլխավոր հարցի պատասխանը՝ ինչու՞ ցեղասպանվեցին հայերը, որ՞ մեղքի համար։ Չէ՞ որ Առաջին հանրապետության կործանումից հետո ամեն ինչ արդեն այնքան ակնհայտ ու պարզ պետք է լիներ, որ անհրաժեշտություն չլիներ այսօր՝ 100 տարի անց, վերապրել նույն աղետը (այս անգամ հայտնվելով վերջնական հայրենազրկման և անհետացման եզրին) հասկանալու համար հարյուրամյա հնություն ունեցող դեպքերի բովանդակային իմաստը։ Կային չէ՞ մարդիկ, լրջագույն գիտական այրեր՝ Ջոն Կիրակոսյան, Ծատուր Աղայան, Հրաչիկ Սիմոնյան, որոնք խորապես գիտեին ժամանակաշրջանը, տիրապետում էին լրջագույն արխիվային փաստաթղթերի և հիմնականում ունեին շատուշատ խնդրահարույց հարցերի պատասխանները։ Այդ դեպքում ո՞րն էր նրանց կիսատ-պռատ, կիսաճշմարտություններով պայմանավորված գիտական վարքի պատճառը՝ մարդկային սովորական վա՞խը, քաղաքական կոնյուկտուրա՞ն, թե՞ այլ զորեղ պատճառներ… Չէ՞ որ նրանք պատկերացնում էին, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնելու։  Որ 20-րդ դարում պետական և քաղաքական ազգ դառնալու այս երկրորդ փորձի ձախողումը ընդհանրապես կարող է վերջինը լինել՝ իր հետ փակելով նաև հայոց պատմության վերջին էջը։ Ինչևիցե, հանգստություն նրանց ոսկորներին, եթե իհարկե մնան ամփոփված հայրենի հողում։ 

Այսօր Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական և քաղաքակրթական տեկտոնիկ տեղաշարժերը, արդեն 35 տարի ընթացող հայ-ադրբեջանական կատաղի էթնիկ պատերազմները ակնհայտ և անմիջական աղերսներ ունեն Լոզանում իբրև թե վերջնականապես հուղարկավորված «Հայկական հարց»-ի հետ։ Չնայած մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության բառապաշարից «Հայկական հարց» տերմինը իսպառ  դուրս է շպրտվել, դրանից հարցի էությունը չի փոխվել։ Այս առումով հայության աղետալի ձախողումները միայն ռուս-թուրքական (ինչպես անցյալում, այնպես էլ այսօր) սրտագին փոխհարաբերությունների համայնապատկերի վրա տեղավորելու բոլոր փորձերը հակաքաղաքագիտական են, վերջնարդյունքում սխալ եզրահանգումների բերող, ինչն էլ մեծ հաշվով հանդիսանում է մեկուկես դար ձգվող հայկական կործանարար ստրատեգիական ձախողումների գլխավոր պատճառը։ Հիմա պետք է վերջնականապես հասկանալ, թե ի՞նչ իրարամերժ շահերից էր հյուսված «Հայկական հարց» կոչվող գլոբալ աշխարհաքաղաքական թնջուկը, որտեղ ի սկզբանե բացակայում էր հայկական շահը։ Ժամանակն է երևակել նրա «մութ» և «չերևացող» կողմերը։ Չնայած եթե անկեղծ լինենք, այսօր «մութ» կամ «չերևացող» կողմ գրեթե չի էլ մնացել։ Ամեն ինչ ընթանում է բաց և ակնհայտ լկտիությամբ։ Այլ հարց է, որ մենք համառորեն չենք ցանկանում դա տեսնել։  

Մաս առաջին - Հայկական գործոնի չեզոքացում

Եվ այսպես, հետ շրջենք պատմության էջերը մինչև 1878թ-ի Բեռլինի կոնգրես։ Ցանկացած դպրոցական դասագրքից կարող ենք համառոտ տեղեկություններ ստանալ, որ «Հայկական հարց»-ը 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմից հետո Բեռլինում գումարված կոնգրեսում ստորագրված հաշտության պայմանագրի 61-րդ հոդվածն է։ Միջազգային դիվանագիտական փաստաթուղթ, որը վերաբերվում էր Արևմտյան Հայաստանում մեծ տերությունների վերահսկողության ներքո իրականացվելիք բարենորոգումների խնդրին։ Պարզ և անորոշ, ինչպես կասեր Մեծն Բոնապարտը։ Առավել քան անորոշ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ նույն տերությունները խնդրո առարկա տարածաշրջանում ունեին խիստ ներհակ և գրեթե անլուծելի հակասություններ։ Սա չի՞ հիշեցնում Մինսկի խմբի ձևաչափը և նրա գործունեության 29 տարին։ Սա իմիջիայլոց՝ пища для размышления: Սակայն մի կողմ թողնենք դասագրքային և պատմագիտական խիստ կողմնակալ, կուսակցականացված և երբեմն պարզունակ շարադրանքները Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածի մասին և հարցին մոտենանք 19-րդ դարավերջին Մերձավոր Արևելքում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակի տեսանկյունից, ինչը և՛ քաղաքագիտական է, և՛ ավելի ռեալ է արտացոլում իրականությունը։  Իրականում «Հայկական հարց»-ը դիվանագիտական փաստաթուղթ է, որը վերաբերում էր Օսմանյան կայսրության մերձավորարևելյան նահանգներին ընդհանրապես, այլ ոչ թե հայերի ողորմելի իրավունքներին։ 19-րդ դարավերջին բոլոր մեծ տերությունների համար միանգամայն ակնհայտ էր Օսմանյան կայսրության մոտալուտ վախճանը։ Եվ երբ հարցին մոտենում ենք այդ տեսանկյունից, միանշանակ պարզ է դառնում, որ «Հայկական հարց»-ը գլոբալ ստրատեգիական, աշխարհաքաղաքական նախագիծ էր՝ մեռնող Օսմանյան կայսրության մերձավորարևելյան ժառանգության և այնտեղ համախումբ ապրող ժողովուրդների ապագայի վերաբերյալ։ Ավելին, ինչ-որ տեղ այդ նախագծի հետաքրքրությունների շրջանակում էր նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը, գտնվելով Ռոմանովյան Ռուսաստանի կազմում, այնուհանդերձ խնդրո առարկա տարածաշրջանի անբաժանելի մասն էր, իսկ այնտեղ գտնվող հայությանը, ինչպես հետո պետք է պարզվեր, կարևորագույն դեր էր հատկացված այդ մեծ նախագծի մեջ։ Արևմտյան Հայաստանում բարենորոգումների հարցը կարևորագույն դեր պետք է կատարեր նախագծի ստրատեգիական նպատակները քողարկելու համար և նաև դառնար անփոխարինելի գործոն՝ կրակխառնիչ տարածաշրջանը էթնիկ պատերազմի թատերաբեմի վերածելու համար։ 

Այսքան մռայլ դավադրապաշտական նկարագրությունից հետո օրինական հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ ստրատեգիական նպատակների մասին է խոսքը։ Այդ մեծ ստրատեգիական նախագծի երևացող մասը Օսմանյան կայսրության կառավարելի, վերահսկելի կազմաքանդումն էր։ Բայց խորքային և իր կարևորությամբ ու նշանակությամբ առաջնային նպատակը բոլորովին այլ էր՝ Օսմանյան կայսրության փլատակների վրա բացառել հայկական կենսունակ և ընդարձակ պետականության ձևավորումը կամ քաղաքագիտական տերմինաբանությամբ՝ հայկական գործոնի ընդմիշտ չեզոքացումը արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ առանցքների վրա։ 

Վերը նշվածը ընկալելու համար մի հպանցիկ հայացք նետենք 19-րդ դարավերջին խնդրո առարկա տարածաշրջանի էթնիկ քարտեզի վրա։ 19-րդ դարավերջին հայությունը դեռևս կարողացել էր պահպանել համեմատական մեծամասնությունը թե՛ Հայկական լեռնաշխարհում, թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Հյուսիսային Իրանում։ Նրա բնակության արեալը տարածվում էր մինչև Հնդկաստան, Թեհրան և Սպահան, մինչև Բաղդադ, Դամասկոս և Կիլիկիա՝ ընդհուպ մինչև Երուսաղեմ և Եգիպտոս։ Միայն Պոլսում երեք հարյուր հազար հայ էր ապրում, իսկ Թիֆլիսը և Բաքուն գրեթե հայկական քաղաքներ էին։ Հայությունը տիրապետում էր հսկայական նյութական, ֆինանսատնտեսական, հոգևոր, մշակութային և մտավոր կարողությունների։ Դե վիթխարի քաղաքակրթական ժառանգության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Հայությունն էր հանդիսանում համաշխարհային պատմա-քաղաքակրթական այդ հանգույցի միակ պատմա-իրավական ժառանգորդը և հանգամանքների ու դեպքերի բարենպաստ դասավորման դեպքում (ինչը Օսմանյան կայսրության քայքայման պարագայում իրական և արդեն տեսանելի էր) կարող էր դառնալ քաղաքակրթական նոր միջավայրի ձևավորման մերան, նոր աշխարհաքաղաքական միջավայրի միջուկ և ազդեցիկ գործոն։  Ավելին, միջնադարյան ընդարմացումից արթնացող Պարսկաստանի հետ գրեթե անխուսափելի բնական ստրատեգիական, ինչ-որ տեղ նաև քաղաքակրթական դաշինքը (չմոռանանք, որ երկուսն էլ ընդհանուր արիական արմատներ և քաղաքակրթական հենք ունեն) կարող էր փոխել ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի դիմագիծը՝ լրջագույն սպառնալիքի տակ դնելով արևմտյան դրամատիրական կայսրությունների և ցարական  (ընդհանրապես) Ռուսաստանի քաղաքական, ֆինանսա-տնտեսական և վառելիքա-էներգետիկ կենսական շահերը։ Այս ամենի արդյունքում խնդրահարույց կդառնար նրանց ազդեցությունը և ներկայությունը երկիր մոլորակի նյարդային հանգույց հանդիսացող այդ տարածաշրջանում։ Պայմանականորեն դա նշանակում էր տարածաշրջանը  2500 տարի «հետ տանել», ձևավորել մի նոր, յուրատեսակ Աքեմենյան ժամանակաշրջան… իհարկե նոր բովանդակությամբ, նոր առաքելությամբ, նոր լոկոմոտիվով։ Մերձավորարևելյան խաղատախտակի վրա խաղացող մեծ տերությունները չէին կարող անտեսել նման հնարավոր հեռանկարի տեսական չնչին հնարավորություններն անգամ։ Եթե նրանց շահերը Մերձավոր Արևելքում ինչ-որ մի կետում, ինչ-որ մի հարցում համընկնում էին, դա հայկական կենսունակ պետականության բացառումն էր ցանկացած պայմանով, առանց միջոցների միջև խտրականություն դնելու։ Բարձրակարգ շախմատիստների նման նրանք զգում և տեսնում էին վտանգը դեռևս խանձարուրում։ Եվ բնավ էական չէր, որ հայությունը և նրա վերնախավը զուրկ էին տարրական ստրատեգիական մտածողությունից, պատկերացումներից, ապագային միտված քաղաքական տեսլականներից ընդհանրապես։ Դրանից հարցի էությունը չէր փոխվում։ 

Հայկական կենսունակ և ընդարձակ պետականության ձևավորման նույնիսկ տեսական հնարավորությունն անգամ բացառել հնարավոր էր միայն հայության տոտալ ոչնչացմամբ, հայրենազրկմամբ, քաղաքակրթական հետքերի ոչնչացմամբ և օտարմամբ, ինչը սառնասիրտ հետևողականությամբ իրականացվեց մեկ դար առաջ, ինչը շարունակվում է նաև մեր ժամանակներում։ Ահա թե որն էր հայության «մեղքը»։ Ժամանակն է գոնե հիմա գիտակցել, որ հենց այնպես ազգային կամ կրոնական ատելության հողի վրա մի ողջ քաղաքակրթություն, մի ողջ ժողովուրդ չի ցեղասպանվում, չի ոչնչացվում։ 

Մաս երկրորդ - Հայկական ռեզերվացիա թե՞ կենսունակ պետություն

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, երբ արդեն իրողություն էր Օսմանյան կայսրության լուծարումը և հայկական պետականության վերականգնումը, մի պահ թվաց, թե «Հայկական հարց»-ի հայանպաստ լուծումն անխուսափելի է և այլընտրանք չունի։ Բայց ես  վերևում իզուր չէի հիշատակել, որ «Հայկական հարց»-ը հայության ողորմելի իրավունքներին կամ պահանջներին չէր վերաբերում։ Փարիզի հաշտության վեհաժողովի գլխավոր կողմերը ամենևին նպատակ չունեին հայկական քաղաքական գործոնի կայացման և ընդլայնման վերը նկարագրված սցենարը իրագործված տեսնել։ Նրանք լավագույնս տեղյակ էին Լենին-Քեմալ նախաձեռնությունների մասին և լավ գիտեին, որ առանց լրջագույն ֆինանսա-տնտեսական և ռազմական աջակցության, առանց Քեմալի գործողություններին ակտիվ հակազդման Հայաստանի նորաստեղծ հանրապետության համար չափազանց դժվար կլինի, եթե ոչ անհնար, դիմակայել նրանց։ 

Այլ հարց է, թե ինչու ստորագրվեց Սևրը։ 

Դրան դեռ կանդրադառնամ։ Արևմուտքի նորօրյա փաստաբանները կարող են հակաճառել ինձ՝ ի ցույց դնելով անգլիական ռազմական օգնությունը։ Հիշեցնեմ, որ այն տեղ հասավ 1920թ-ի օգոստոսի կեսերին, երբ արդեն շատ ուշ էր և հայկական բանակն այլևս ժամանակ չուներ տեխնիկական առումով անծանոթ ռազմական զենքը յուրացնելու համար։ Ավելորդ չէ հիշեցնել նաև Անգլիայի երկակի գործունեությունը Հարավային Կովկասում։ Հենց անգլիական նախաձեռնությամբ պատերազմից և թուրքական ներխուժումից չտուժած և առավելապես անվնաս մնացած հայկական երկրամասերը՝ Արցախը, Սյունիքը և Լոռին հայտարարվեցին վիճելի տարածքներ՝ փաստացի օտարվելով Հայաստանի նորաստեղծ հանրապետությունից և դառնալով միջէթնիկ ռազմական բախումների թատերաբեմ։ Հայաստանի հանրապետությունը ոչ միայն չկարողացավ օգտվել այդ գավառների մարդկային և նյութական ռեսուրսներից, որոնք զգալիորեն կամրապնդեին պետությունը, այլև, ընդհակառակը, իրենք դարձան ծանր և ուժասպառ անող գլխացավ նորաստեղծ և դեռևս վատ կազմակերպված պետության համար։ Ինչ մնում է արևմտյան, հատկապես ամերիկյան հումանիտար օգնությանը և բարեսիրական առաքելություններին, ապա ասեմ, որ լավ քաջատեղյակ եմ և բարձր եմ գնահատում այն հսկայածավալ ջանքերը և օգնությունը, որոնք զգալիորեն թեթևացրեցին հանրապետության սոցիալ-տնտեսական հոգսերը,  սակայն միևնույն ժամանակ ակներև էր, որ միայն հումանիտար օգնությունը խիստ անբավարար էր դիմակայելու թե՛ Քեմալին, թե՛ բոլշևիկներին։ ԱՄՆ-ի կողմից հայկական մանդատի մերժումն ինքնին խոսուն փաստ է այս ընդհանուր համայնապատկերի վրա։ Այդ որոշման արդյունքում ցեղասպանության ենթարկված ժողովուրդը գործնականում մեն մենակ մնաց իր երկու գլխավոր գոյութենական թշնամիների դեմ։ Ե՛վ  Սևրը, և՛ Վիլսոնի իրավարար վճիռը երկակի նշանակություն ունեն։ Ըստ էության նրանք պահպանեցին ինտրիգը՝ մի կողմից հայության համար ապագայի հանդեպ «աղոտ» հույսեր պահպանելով, մյուս կողմից նորաստեղծ Թուրքիայի հանրապետության համար դառնալով դամոկլյան սուր։ Հենց այդ երկակիությունն էլ ևս մեկ անգամ վկայում է, որ «Հայկական հարց»-ը շահագրգիռ կողմերի համար ամբողջովին լուծված չէ։  

Այլ հարց է, կարո՞ղ էր հայությունը սեփական ուժերով փոխել իրավիճակը, կանխել իրադարձությունների կործանարար ընթացքը։ Բարդ հարց է, առավել ևս, որ պատմությունը եթե-ներ չի հանդուրժում։ Մի բան ակնհայտ է, ո՛չ մի արդարացում չկա Առաջին հանրապետության վերնախավի կողմից ներքին կյանքը կազմակերպելու, քեմալական շարժման սպառնալիքները թերագնահատելու, երկիրը լրջագույն անվտանգային սպառնալիքներին չնախապատրաստելու, անհեռատես, անկարող, ապիկար գործելակերպին, որի տրամաբանական հետևանքը եղավ Կարսի խայտառակ անկումը և Առաջին հանրապետության լուծարումը։ 

Վերադառնանք քեմալական շարժմանը։ 

Իր հետապնդած նպատակներով կարելի է վստահաբար պնդել, որ այն, լինելով այսպես կոչված ազգային ազատագրական շարժում, միաժամանակ լիովին տեղավորվում էր «Հայկական հարց»-ի գաղափարաբանության և տրամաբանության մեջ՝ թույլ չտալ հայկական կենսունակ պետականության ձևավորումը և ամրապնդումը։ Հենց այդ հանգամանքը հանդիսացավ նրա կենսունակության և հաջողության գլխավոր գրավականը՝ ապահովելով Քեմալին բացահայտ և ստվերային լայն օժանդակություն և աջակցություն։ Առաջին հանրապետության ոչնչացումը սակայն չսպառեց «Հայկական հարց»-ի օրակարգը։ Մի կողմից 1921թ-ի մարտի 16-ի ռուս-թուրքական դաշնագրի գաղտնի հոդվածներով և բանավոր պայմանավորվածություններով. ի օգուտ Խորհրդային Վրաստանի և Ադրբեջանի մասնատվեց Հարավային Կովկասում դեռևս համեմատաբար միասնական մնացած հայության էթնիկ քարտեզը՝ ՀԽՍՀ-ը դարձնելով անկենսունակ, զարգացման առումով անհեռանկար, ավելի շատ ռեզերվացիա հիշեցնող արհեստական կիսապետական միավոր։ Մյուս կողմից, Սևրի դաշնագիրը՝ Վիլսոնի իրավարար վճռով հանդերձ, չնետվեց պատմության աղբանոցը, այլ խնամքով ի պահ հանձնվեց բոլորիս քաջ հայտնի հաստատությունների պահոցներին՝ մի օր հանելու մտադրությամբ։ Այլ հարց է՝ ի՞նչ մտադրությամբ…

«Հայկական հարց»-ի օրակարգը սպառված կհամարվի այն ժամանակ, երբ կմաքրվեն մեծ հանցագործության վերջին «հետքերը», Հայկական լեռնաշխարհում հայության համախումբ բնակության վերջին օազիսները։ 

Հատկապես այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել Լոզանից 65 տարի անց խորհրդային զսպաշապիկի մեջ առնված արցախյան թնջուկի կապանքների արձակումը։ Անկախ այն հանգամանքից մոսկովյան նախաձեռնություն էր այն, թե վերազգային կառույցների, կամ էլ այդ երկուսի համատեղ որոշումն էր, աշխարհաքաղաքական բարդ, խորքային պրոցեսներից հասկացողների համար դա վաթսունհինգամյա լեթարգիական քնից արթնացած «Հայկական հարց»-ի մոդիֆիկացիան էր։  Ակնհայտ էր, թե ուր էր տանելու այն։ Էթնիկ բախումների օջախները վաղուց էին ձևավորվել՝ 1920-ականների սկզբներին, երբ հայաբնակ գավառները հանձնվել էին Խորհրդային Ադրբեջանին և կամայական սահմանագծումներով ձևավորվել էր ԼՂԻՄ-ը։ Իսկ էթնիկ բախումներից մինչև լայնածավալ ամենակուլ էթնիկ պատերազմ ընդամենը մեկ քայլ էր՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ։ 

1988թ-ի փետրվարի 13-ին սառցապատված հայ-թուրքական հակամարտությունը հալեցվեց։ Փետրվարի 26-ին տեղի ունեցավ Սումգայիթը։ Այն ընդամենը մի կայծ էր՝ բորբոքելու  ապագա էթնիկ պատերազմի անթեղված շեղջերը։ Սումգայիթով դեռևս «կազմակերպման» փուլում գտնվող Արցախյան շարժումը անցավ անդառնալիության կետը։ Հայությունը կամա թե ակամա ներքաշվեց լրջագույն, դինամիկ զարգացող և շատ վտանգավոր աշխարհաքաղաքական խաղի մեջ։ 

Վիճակը նետված էր։ Կամ հայությունը հաղթական դուրս կգար այդ մահացու գոտեմարտից, կամ… Այդ պահից սկսած ամեն ինչ որոշելու էր համազգային նվիրումը, զորեղ կամքը, թաքնված, չերևացող, խորքային վտանգները տեսնելու և չեզոքացնելու ունակությունը և վճռականությունը։ Բայց, ավաղ, շատ շուտով պարզ դարձավ, որ հայությունը այդպես էլ ոչինչ չի սովորել պատմությունից։ Արտաքնապես թափ առնող համազգային շարժումը չկարողացավ ձևավորել իրապես ազգային օրակարգ։ 1991թ-ի սեպտեմբերի 2-ին՝ դավաճանական, կեղծ քաղաքագիտական և իրավական հիմունքներով հռչակվեց ԼՂԻՄ-ի «անկախությունը»։ Չեղարկվեց համազգային շարժման գլխավոր ձեռքբերում Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989թ-ի դեկտեմբերի 1-ի որոշումը։ Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը բովանդակային առումով գլխիվայր շրջվեց՝ վերափոխվելով որպես այսպես կոչված ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտության։ 

Այն կառավարելի պահելու համար 1992թ-ի ապրիլին ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը՝ երեք համանախագահներով։ Հին, բարի ժամանակների նման, երբ Բեռլինում ընդունվում էր հայկական բարենորոգումների փաթեթը։ Արցախյան Համազգային շարժումը, որը կարող էր դառնալ հայկական վերածնվող պետականության գլխավոր շարժիչ ուժը, ուղղորդվեց «Հայկական հարցի» օրակարգ։ Պետք է ընդունել, որ Մինսկի խումբը և նրա համանախագահությունը պատվով կատարեցին իրենց վրա դրված առաքելությունը։ Նրանք փրկեցին պատերազմի դաշտում ջախջախված Ադրբեջանին։ Չեզոքացվեցին հայկական զենքի հաղթանակի բոլոր արդյունքները։ Հայաստանը առնվեց հուսալի զսպաշապիկի մեջ։ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող երկարատև անպտուղ և ձևական բանակցությունները Ադրբեջանի համար ապահովեցին անհրաժեշտ կենսական ժամանակ՝ բուժելու ծանր պարտության հետքը, վերականգնելու տնտեսությունը, վերակազմավորելու և վերազինելու բանակը։ 

2020թ-ի սեպտեմբերի 27-ին թայմ աուտը ավարտվեց։ Պրոցեսը վերադարձվեց այն կետը, որտեղ կանգնել էր ժամացույցը՝ 1921թ-ի մարտի 16: Սկսվեց պարտիայի եզրափակիչ փուլը՝ էնդշպիլը։ Առաջին Արցախյան պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում քիչ թե շատ ամրապնդված հայկական գործոնը ամբողջովին ոչնչացվեց։ Հայաստանի Հանրապետությունը այսօր պարփակված է 29800-ից էլ պակաս քառակուսի կմ սահմաններով նեղ հողակտորի վրա՝ մեկուսացված բոլոր տարանցիկ հաղորդակցության ուղիներից։ Միակ բանը, որով նա դեռ հետաքրքրում է աշխարհի գլխավոր խաղացողներին՝ Սյունիքի պարանոցն է, որն անգամ տակտիկական խորություն չունի։ Այն կտրելուց հետո երկիրը աստիճանաբար արյունաքամ կլինի՝ դատապարտվելով կազմալուծման, քայքայման և ինքնանեխման։ Շատ հնարավոր է հայությանը մի փոքր ողորմություն նետեն՝ թույլ, բուտաֆորիկ պետական կազմավորում ունենալ։ Ընդ որում՝ անպայման Էջմիածին կենտրոնով։ Հայկական «Վատիկան», ի՞նչ վատ է որ։ Իհարկե մինչ այդ պարտադրելով հրաժարվել բոլոր պատմաքաղաքական և իրավական կռվաններից ու իրավունքներից։ Աշխարհասփյուռ հայությանը ինչ-որ կերպ կառավարել է պետք, թե չէ մեկ էլ տեսար… Իսկ ո՞վ ավելի լավ կարող է կատարել այդ գործը, եթե ոչ Հայոց առաքելական, լուսավորչական, ազգային եկեղեցին։ Նրանք այդ ուղղությամբ հազարամյա, եթե ոչ ավելի, փորձ ունեն։ Դարերը վկա։ 

Երբ ամեն ինչ կավարտվի, այդ ժամանակ էլ կհիշեն Սևրի և Վիլսոնի իրավարար վճռի մասին (չէ՞ որ այն անժամանցելի է)։ Դրա արդյունքում Քեմալական Թուրքիան կմասնատվի և կպարփակվի Էգեյան և Սևծովյան ծովեզերքի եռանկյունում (որտեղից օսմանները սկսել են իրենց պատմական ընթացքը)։ Մնացյալ տարածքների համար էլ «օրինական» տերեր կգտնվեն։ Պատմագիտությունը (նաև հայկական պատմագիտության «դպրոցը») արդեն 150 տարի դրանով է զբաղված։ Չկասկածեք։ 

Իսկ Ռուսիա՞ն։ Քեմալական Թուրքայի անհետացումից հետո անիմաստ և անհնարին կդառնա նրա հետագա ներկայությունը Հարավային Կովկասում (մեծ հանցագործության հետքերը և գործիքները միշտ էլ ոչնչացվում են։ Այսօրվա նրանց ջղաձիգ պահվածքը այդ մասին է վկայում)։

Վերջաբան

Արդ ինչով բացատրել առնվազն արդեն հազարամյակ ձգվող հայության գլոբալ, ստրատեգիական ձախողումները։ Ինչու՞ և ինչպե՞ս հինգ հազարամյա պատմական և քաղաքակրթական ճանապարհ անցած ժողովուրդը այդպես էլ անկարող և անհաղորդ գտնվեց հասկանալու իր շուրջը հյուսվող դավադրության իրական մասշտաբները և կործանարար բնույթը։ Դատապարտվածի անզորությամբ համակերպվելով «ճակատագրի» հետ՝ այսօր արդեն հայտնվել է լիակատար անհետացման և անէացման անդունդի վրա կախված։ Պարադոքս չէ՞։

Իհարկե, դարից ավելի ձգվող հայկական Գողգոթայի մեջ անժխտելի է հայկական բյուզանդական քաղաքակրթության այդ երկու ապօրինի ժառանգորդների՝ Ռուսիայի և Թուրքիայի դերակատարությունը։ Ինչ անվամբ էլ որ նրանք հանդես են եկել պատմության մեջ, երկուսին էլ միավորել է անհանդուրժողականությունը և վախը այն ամենի հանդեպ, ինչը հայկական է։ Նրանք պատմության մեջ նմանը չունեցող այդ մեծ հանցագործության՝ Հայոց ցեղասպանության և՛ գլխավոր (երևացող) մասնակիցներն են, և՛ գլխավոր շահառուները և գլխավոր պատասխանատուները։ Շատ բան է միավորում նրանց, բայց… 

Ամենևին չթերագնահատելով նրանց դերակատարության մասշտաբները՝ ակնհայտ է նաև, որ նրանք, ոչ միայն չէին կարող միայնակ ու անպատիժ իրականացնել այդ մեծ ոճիրը և խուսափել պատասխանատվությունից, այլև կրկնել նույնը արդեն հարյուր տարի անց։ Եթե հարյուր տարի առաջ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը ինչ-որ տեղ կարելի էր բարդել միայն բյուզանդական ժառանգության այդ սիամյան երկվորյակների վրա, ապա 2020թ-ի սեպտեմբերի 27-ից հետո բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները։ Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր ամեն ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում «Հայկական հարց»-ի վերջնական լուծման շուրջ ձևավորված ընդարձակ ստրատեգիական համաձայնության արդյունքում։ 

Այո, դա անժխտելի է, բայց ամենը բացատրել այդ հանգամանքով, թերի է և ամբողջովին չի բացատրում, վեր չի հանում այն բոլոր պատճառները, որոնք վճռորոշ եղան և հնարավոր դարձրեցին, որ այդ սահմռկեցուցիչ հանցավոր նախագծի հետևողականորեն իրականացումը արդեն ավարտական տեսք ստանա մեր օրերում։ Չէ՞ որ ոչ բոլոր մեծածավալ ստրատեգիական և հեռահար մտահղացումներն են մինչև վերջ իրագործվում։ Մեծ աշխարհաքաղաքական շախմատում ոչ բոլոր քայլերն են հաշվարկելի։ Անտեսված, թերագնահատված կամ մինչև վերջ չհաշվարկված և անսպասելի ի հայտ եկած նոր հանգամանգները և ճիշտ կազմակերպված հակախաղը կարող են գլխիվայր շրջել, կասկածի տակ դնել և ի վերջո տապալել բոլոր մտահղացումները և նպատակները։ Ուրեմն ինչու՞ հայության պարագայում ամեն ինչ ընթացավ գրեթե առանց քիչ թե շատ բարդությունների։ Ահա այս հարցի պատասխանն է, որ երբևիցե պատմաքաղաքական և էթնոհոգեբանական քննության, վերլուծության չի ենթարկվել, մինչդեռ ամեն ինչ հանգում է դրան։ 

Մեծն Լոռեցին ասում էր՝ մենք ներսից ենք փչացած։ Եվ նա երիցս ճիշտ էր։ 

Հազար յոթհարյուրամյա էթնոհոգեբանական «սելեկցիան» չէր կարող անհետևանք լինել։ Հազարամյա քաղաքական և քաղաքակրթական հետընթացի արդյունք հանդիսացող ախտահարված, խեղաթյուրված կրոնա-մազոխիստական աշխարհընկալման, սահմաններ չճանաչող անձնապաշտության, համայնքային նեղմիտ, սահմանափակ մտածողությամբ և խորը արմատներ ձգած այլ արատների վրա մակաբուծված «ազգային», հասարակական-քաղաքական, կրոնական և մշակութային վերնախավի տգիտությունը, անհեռատեսությունը, ապիկարությունը, վախկոտությունը և ծախվածությունը հանդիսացան հայության հանդեպ ծրագրված շարունակական և հետևողական դավադրության հաջողության գլխավոր պատճառները ու հուսալի երաշխիքները։ 

Այսքանից հետո կարելի՞ է փաստել, որ այսօր ընթացող իրադարձություններով կարող է փակվել հայոց հինգհազարամյա պատմության վերջին էջը։ Կարծում եմ՝ դեռ ոչ։ Հայությունը դեռ չի ավարտել իր «առաքելությունը» խնդրո առարկա տարածաշրջանում։ Դեռ որոշ ժամանակ հանդուրժելու են մեզ։ Մեծ Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական պարտիայում մեզ ինչ-որ դեր է հատկացված, շատ հնարավոր է՝ վերջին անգամ։ Դա ինչ-որ տեղ նաև հնարավորություն է, վերջին շանս։ Այլ հարց է, թե մենք ինչպե՛ս կօգտվենք այդ շանսից։ Զինվորը կկարողանա՞նք փոխարկել թագուհու, թե՞ այն անփառունակ զոհաբերելով՝ կփակենք հայոց պատմության վերջին էջը։ 

Ամեն ինչ մեզնից է կախված։

Հետգրություն

Հայ քաղաքագիտական-վերլուծական միտքը հայության գլոբալ ձախողումների հետ կապված հարցերը դիտարկում է զուտ ռուս-թուրքական փոխհարաբերությունների և մրցակցության պրիզմայով։ Ընդ որում հնարավորինս արդարացնելով ռուսներին՝ չմոռանալով նաև ինչ-որ տեղ մեղադրել հայ պետական, ինչպես նաև հասարակական, քաղաքական որոշակի շրջանակների։ Այսպես, Լենին-Քեմալ սիրախաղը համարվում է համաշխարհային հեղափոխությունը արևելք արտահանելու չհաջողված փորձ։ Եվ հետո պարզունակ հիմնավորումներով փորձում են ապացուցել, որ թուրքերը, իրենց հատուկ խորամանկությամբ, ամեն ինչ ստանալով, հետագայում խաբեցին և «գցեցին» բոլշևիկներին, իհարկե հընթացս էլ մեղադրելով դաշնակցությանը, որն իբրև այնքան անհեռատես գտնվեց, որ չընդառաջեց բոլշևիկներին, որից էլ օգտվեցին թուրքերը։ Ահա այսպիսի պարզունակ, «քցողական» կոմբինացիաներով են առաջնորդվում հայ վերլուծաբանները միջպետական փոխհարաբերությունները մեկնաբանելիս։ Պատահական չէ, որ Պուտին-Էրդողան սիրախաղը մեկնաբանողները ևս այդպես են մտածում, համոզված լինելով, որ Էրդողանը նույնպես վաղ թե ուշ «քցելու» է Պուտինին և մեր խնդիրն է ռուսական վերնախավին «լուսավորել» պատմական նախադեպային օրինակներով՝ դրա հետ կապելով հայության փրկությունը և ապագան։ Եվ ոչ ոք համառորեն չի ուզում նկատել հորդայական արմատներին վերադարձող պուտինյան Ռուսիայի և նեոօսմանիզմի արահետը բռնած է էրդողանական Թուրքիայի քաղաքակրթական դիֆուզիոն միտումները։ Այլ հարց է, թե որքանով է այն միայն ռուս-թուրքական նախագիծ։ Նույնը կարելի է ասել նաև Լենին-Քեմալ սիրախաղի մասին։ Ուղղակի ոչ ոք չի ուզում տեսնել կամ մտքի ծայրով անցկացնել, որ «Մուստաֆա Քեմալ» նախագիծը, բացի Քեմալից և բոլշևիկներից, այլ շահառուներ էլ կարող էր ունենալ։ Արդյոք որևէ մեկը իրեն հարց տվե՞լ է, թե ինչու՞ էր հունական հարձակումը Անկարայի կառավարության վրա անընդհատ հետաձգվում և քարտ բլանշ ստացավ միայն 1921թ-ի գարնանը, երբ Քեմալն արդեն հասցրել էր լուծել Հայաստանի Առաջին հանրապետության հարցերը և Հայաստանից խլված հսկայական ռազմավարով և բոլշևիկյան ֆինանսական և ռազմատեխնիկական մեծածավալ օգնությամբ ամբողջովին վերազինել բանակը։ Պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որ 1921թ-ի սկզբներին Ռուսաստանում ավարտվել էին քաղաքացիական և Լեհաստանի դեմ մղվող պատերազմները և բոլշևիկյան ռազմա-քաղաքական ղեկավարությունը կարող էր ամբողջովին կենտրոնանալ հույն-թուրքական պատերազմի վրա։ Հիմա հարց, ո՞վ կամ ովքե՞ր թույլ չտվեցին, որ հունական հարձակումը սկսվեր ասենք 1920թ-ի ամռանը։ Այնպես որ, ամեն ինչ միանշանակ չէ։ 

Հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ երկու անգամ՝ 1918թ-ի մայիսի 21-ից 28-ը Սարդարապատ - Բաշ Ապարան, Ղարաքիլիսա ճակատային գծի վրա տեղի ունեցած ահեղ մարտերի և 1992-94թթ-ին Արցախյան Առաջին պատերազմում տարած փայլուն հաղթանակների շնորհիվ հայությանը գրեթե հաջողվել էր խառնել բոլոր հաշիվները։ Պատկերավոր ասած, փամփշտակալում հաշված փամփուշտներ ունենալով, հայությունը կարողացավ անհավատալի հաղթանակներ արձանագրել և, վերականգնելով հայոց պետականությունը, լրջագույն կասկածի տակ դրեց «Հայկական հարց»-ի ողջ ստրատեգիական նպատակները։ Ցավոք, երկու դեպքում էլ ստիպված ենք արձանագրել, որ հավաքական հայությունը այդպես էլ ի վիճակի չեղավ գիտակցել և գնահատել այդ մեծագույն հաղթանակների դարակազմիկ, վիթխարի նշանակությունը, որը ոչ միայն նոր հեռանկարներ էր բացում, այլև ծնում նոր մարտահրավերներ։ Դա հնարավորություն տվեց հայության զորեղ թշնամիներին ավելի զգոն դառնալ, անհրաժեշտ մարտավարական սրբագրումներ կատարել և հետագա դեպքերի ու զարգացումների ընթացքը ուղղորդել իրենց համար ցանկալի և կառավարելի հուն։

Եվ այս ընդհանուր գլոբալ, շարունակական ձախողումների համայնապատկերի վրա առավել ամբողջական է դառնում Նժդեհի ռազմագիտական, քաղաքագիտական և ստրատեգիական հանճարը։ Տեսնում ե՞ք ինչ կատաղի գզվռտոց է սկսվել Սյունիքի պարանոցի շուրջը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter