HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եգիպտոսն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին

Եգիպտոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այդ մասին նշվում է արաբական այդ հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը մեջբերում է եգիպտական Ahram պարբերականը։

Իր հայտարարության մեջ Եգիպտոսի ԱԳՆ-ն վերահաստատել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ պայմանավորվածությունը դրական զարգացում է և երկու երկրների միջև սահմանների սահմանազատման ուղղությամբ գործադրված ջանքերի գագաթնակետը։

Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը բարձր է գնահատել այս քայլը՝ երկու կողմերին կոչ անելով հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ըստ այդ հաղորդագրության՝ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, ինչպես նաև կշարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:

Ապրիլի 23-ից Երևանն ու Բաքուն փաստացի սկսել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դա կարևոր է նաև անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար: Նա հավելել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է վերականգնել այն սահմանները, որոնք եղել են Խորհրդային միության փլուզման պահին:

Սահմանազատման գործընթացը սակայն Հայաստանում հանրային դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Տավուշի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փակելով միջպետական ու միջհամայնքային ճանապարհները։ Նրանք պնդում են, որ հայկական կողմը սահմանազատման գործընթացում միակողմանի զիջումների է գնում։ 

Լուսանկարը՝ Khaled Desouki/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter