HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը և Թուրքիայի հայ համայնքին։ Ուղերձը հրապարակվել է Ակօսում։ Ուղերձում, սակայն, ոչ մի խոսք չկա ցեղասպանության մեջ Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի Հանրապետության պատասխանատվության մասին։ Ավելին, Էրդողանը կոչ է անում «տեղի չտալ արմատական քննարկումներին»։

«Այսօր ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի անբարենպաստ պայմաններում Օսմանյան կայսրության՝ իրենց կյանքը կորցրած հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ժառանգներին։ Ես աղոթում եմ և Ալլահի ողորմությունն եմ հայցում օսմանյան հասարակության բոլոր անդամների համար, որոնք զոհվել կամ նահատակվել են հակամարտությունների, ապստամբությունների, խմբավորումների շարժումների և ահաբեկչական գործողությունների պատճառով: Օսմանյան կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի պատճառած ավերածությունները խորը հետքեր են թողել մեր հիշողության մեջ»,- իր ուղերձում հայտարարել է Էրդողանը։ 

Էրդողանը հավելել է, որ նախնիներից ժառանգած խաղաղության և հանգստության մթնոլորտի շարունակությունը հնարավոր է միայն փոխադարձ համատեղ ջանքերով` ընդգծելով, որ «անատոլիական հողերն իրենց մշակութային ու մարդկային գործերով հարստացած մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունն այսօր էլ երաշխավորված են»։

«Մենք թույլ չենք տա, որ թեկուզ մեկ հայ քաղաքացի մարգինալացվի, դուրս մնա, իրեն երկրորդ կարգի զգա իր հայրենիքում։ Կարևոր է, որ պատմության իրադարձություններին անդրադառնանք մտքի, խղճի և գիտության առաջնորդությամբ՝ առանց տեղիք տալով արմատական քննարկումներին, մարգինալացմանը և ատելության լեզվին: Կարեկցանքի հաստատումը, առանց տարանջատելու մեր ազգային հիշողության մեջ դաջված իրադարձությունները, կկանխի նաև ատելության սերմերի արմատավորումը։ Մենք հավատում ենք, որ ապագա սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք մենք կքաղենք մեր ընդհանուր տառապանքից»,- նշել է Թուրքիայի առաջնորդը։

Լուսանկարը՝ DHA Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter