HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված անձանց իրավունքները. ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ․

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը և քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:

Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։ 

Չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Այսպիսի արարքների անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ։

Դեռևս 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» միջազգային կոնվենցիան, սակայն այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում առկա է նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների վտանգը։ 2023 թվականին վատ վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը։ 

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում։ 

Անհրաժեշտ ենք համարում մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։ 

Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործադրումն օրակարգային պետք է լինի բոլոր քաղաքակիրթ հասարակությունների համար»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter